Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Spectator պարբերականում հրապարակած ընդարձակ վերլուծական հոդվածում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կարելի է խուսափել երրորդ աշխարհամարտից ներկայիս աշխարհաքաղաքական գերլարված իրավիճակում։
«Ուկրաինան ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ դարձել է Կենտրոնական Եվրոպայի խոշոր երկրներից մեկը։ Դաշնակիցների օգնությամբ եւ նախագահ Զելենսկու ներշնչանքով ուկրաինական բանակը փակուղի է մտցրել ռուսական զինված ուժերին, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ հայտնվել են Եվրոպայում։ Միջազգային համակարգը, ներառյալ Չինաստանը, դեմ են ռուսական սպառնալիքին կամ նրա կողմից միջուկային զենքի կիրառմանը։ Այս գործընթացը վերստին քննարկման առարկա է դարձրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Ուկրաինան այժմ ունի Եվրոպայում ամենից արդյունավետ ցամաքային զորքերից մեկը, որը Ամերիկայի եւ դաշնակիցների կողմից հագեցվել է արդիական սպառազինություններով։ Խաղաղության գործընթացը պետք է Ուկրաինային կապի ՆԱՏՕ-ի հետ։ Չեզոքությունը, որպես դրա այլընտրանք, այլեւս անիմաստ է, հատկապես Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցությունից հետո»,- գրում է Քիսինջերը՝ նշելով, որ այդ պատճառով է դեռ մայիսին խորհուրդ տվել կրակի դադարեցման առաջնագիծ սահմանել այն սահմանները, որով փետրվարի 24-ին սկսվել էր պատերազմը։
«Ռուսաստանը դժգոհությամբ, բայց կհեռանա իր գրաված տարածքներից, սակայն ոչ այն տարածքներից, որոնք նա գրավել էր մոտ 10 տարի առաջ, ներառյալ Ղրիմը։ Այդ տարածքը կարող էր դառնալ բանակցությունների առարկա կրակի դադարեցումից հետո։ Եթե հնարավոր չլինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հասնել նախապատերազմական բաժանարար գծի հաստատման ռազմական կամ բանակցային ճանապարհով, ապա կարելի կլինի դիմել ինքնորոշման սկզբունքին։ Միջազգային հսկողությամբ իրականացվող ինքնորոշման հանրաքվեները կարող են կիրառվել հատկապես տարաձայնությունների առիթ եղող տարածքներում, որոնք դարերի ընթացքում բազմակի անգամներ անցել են ձեռքից ձեռք»։
Խաղաղության գործընթացն, ըստ Քիսինջերի, կունենա երկու նպատակ՝ հաստատել Ուկրաինայի ազատությունը եւ սահմանել նոր միջազգային կառուցվածքը, հատկապես Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համար։ Ի վերջո Ռուսաստանն այդ նոր սահմանվելիք համակարգում պետք է գտնի իր տեղը։ «Շատերի համար նախընտրելի է, որ Ռուսաստանը պատերազմով հյուծվի եւ դառնա անզոր։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Ռուսաստանը, բռնության նկատմամբ ունեցած իր ողջ հակմամբ հանդերձ, վճռական դերակատարություն ունի գլոբալ հավասարակշռության մեջ արդեն գրեթե կես հազարամյակ։ Նրա պատմական դերակատարությունը չպետք է նսեմացվի։
Ռուսաստանի ռազմական ձախողումները չեն վերացրել նրա միջուկային պոտենցիալը, ինչը թույլ է տալիս, որ Մոսկվան Ուկրաինայում սպառնա սրացմամբ։ Նույնիսկ եթե այդ կարողությունը նվազի, Ռուսաստանը քայքայվի, կամ ռազմավարական քաղաքականություն վարելու հնարավորությունները զրոյացվեն, նրա տարածքը, որն ընդգրկում է 11 ժամային գոտի, կվերածվի վիճաբանությունների վակուումի։ Նրա մրցակցային հասարակությունը կարող է հարցերը կարգավորել բռնության միջոցով, իսկ այլ երկրներ Ռուսաստանի տարածքի նկատմամբ իրենց հավակնություններին կարող են հասնել ուժի կիրառմամբ։ Ու քանի որ աշխարհի առաջնորդները փորձում են վերջ դնել պատերազմին, որում երկու միջուկային տերություններ մրցակցում են մի երկրում, որն ունի սովորական սպառազինություններ, նրանք պետք է մտածեն այդ հակամարտության վրա ազդեցության եւ երկարաժամկետ ռազմավարության մասին՝ հաշվի առնելով նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության գործոնները»,- նշում է նախկին պետքարտուղարը՝ ընդգծելով, որ արդեն գոյություն ունեն ինքնավար զինատեսակներ, որոնք կարող են սահմանել, գնահատել եւ թիրախավորել իրենց ենթադրական սպառնալիքները, ինչը նշանակում է, որ կարող են սկսել իրենց պատերազմը։
«Հենց որ սահմանը հատվի, եւ բարձր տեխնոլոգիաները դառնան ստանդարտ սպառազինություններ, իսկ համակարգիչները՝ ռազմավարությունների գլխավոր կատարողները, աշխարհը կհայտնվի մի իրավիճակում, երբ կայուն կոնցեպցիաներ այլեւս գոյություն չեն ունենա։ Ինչպես են առաջնորդները վերահսկելու, եթե համակարգիչներն են մատնանշելու մասշտաբային ռազմավարական ցուցումները, որով մարդկային ներդրումն այդ ամենում աստիճանաբար նվազելու է, ինչը լրջագույն սպառնալիք է։ Ինչպես պահպանել քաղաքակրթությունը հակասական տեղեկատվության, ընկալումների եւ քայքայիչ հնարավորությունների նմանօրինակ շրջապտույտում»։
Հենրի Քիսինջերը նկատում է, որ այս առումով դեռեւս որեւէ տեսություն գոյություն չունի, եւ խորհրդակցություններ դեռ չեն սկսվել, թերեւս այն պատճառով, որ բովանդակային բանակցությունները կարող են նոր բացահայտումների առիթ դառնալ, իսկ ինքնին բացահայտվելիքը ապագայի համար ռիսկեր է պարունակում։
Հոդվածագիրը նշում է, որ առաջավոր տեխնոլոգիաների եւ դրանց վերահսկողության ռազմավարությունների անհամապատասխանության հաղթահարումը պակաս կարեւոր հարց չէ գլոբալ օրակարգում, քան կլիմայի փոփոխությունները, իսկ դրա հաղթահարման համար անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք ե՛ւ տիրապետում են առաջատար տեխնոլոգիաներին, ե՛ւ ունեն պատմություն։
«Խաղաղության եւ կարգուկանոնի ձգտումը,- ամփոփում է Հենրի Քիսինջերը,- ունի երկու բաղադրիչ, որոնք երբեմն մեկմեկու հակասող են դիտարկվում՝ ձգտում դեպի անվտանգային տարրերը եւ կիրառման հանդեպ ներկայացված պահանջները։ Եթե մենք չենք կարողանալու հասնել մեկին կամ մյուսին, չենք հասնելու ոչնչի։ Դիվանագիտության ճանապարհը կարող է թվալ բարդ եւ հիասթափեցնող։ Սակայն այդ ճանապարհով է պետք ընթանալ, որը պահանջում է թե՛ հեռատեսություն եւ թե՛ խիզախություն ու արիություն»։
Պատրաստեց Արման Գրիգորյանը