Ադրբեջանը ռուս խաղաղապահների քթի տակ եւ նրանց լուռ համաձայնությամբ շարունակում է փակ պահել Հայաստանը Արցախին կապող կյանքի ճանապարհը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով դե յուրե եւ դե ֆակտո այս ճանապարհի անվտանգության եւ անցանելիության պատասխանատուն Հայաստանի ռազմավարական դաշնակից կամ այդպիսին հռչակված Ռուսաստանն է:
Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում պաշտոնյաներ, բողոքի գործողություններ են իրականացնում միջազգային կառույցների երեւանյան ներկայացուցչությունների դիմաց (երբ ճանապարհի փակ լինելու պատասխանատուն Ռուսաստանն է), Ստեփանակերտի եւ Երեւանի իշխանությունները, սփյուռքյան հայկական կազմակերպությունները լուռ եւ հրապարակային ջանքեր են գործադրում, որպեսզի Ադրբեջանը վերջ տա Արցախը ցրտի եւ սովի մատնելու անմարդկային գործելաոճին:
Այս ընթացքում ձայներ են լսվում նաեւ «տաք տեղերից», եւ կրկին մեղադրանքների սլաքն ուղղված է «լույսերի եւ խրախճանքի» մեջ ապրող Երեւանին եւ Հայաստանին:
Արդար չէ հայաստանցիներին մեղադրել Արցախում ստեղծված իրավիճակի հանդեպ անտարբերության համար, ինչը կարդում եւ լսում եմ, երբեմն՝ հանրային երեւելի դեմքերից ու պաշտոնյաներից:
Հատկապես անարդար է, երբ հայաստանցիներին անտարբերության համար մեղադրում են մարդիկ, որոնք չեն համարձակվում ամենամեղմ ձեւով անգամ ասել, որ միջանցքի ռեժիմի պատասխանատուն Ռուսաստանն է, էլ չասած, որ ցանկության դեպքում Ռուսաստանը կարող էր կանխել ադրբեջանական այս հերթական սադրանքը եւ թույլ չտալ, որ միջանցքը փակվի:
Հատկապես անարդար է, երբ հայաստանցիներին, այն է՝ Հայաստանին, անտարբերության համար մեղադրում են Հայաստանում չբնակվող, Հայաստանում ծնված, բայց ծանր պահին այստեղից հեռացած մեր հայրենակիցները, որոնք հարկ են վճարում ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի բյուջե, խոնարհվում են ռուսական, ամերիկյան, ֆրանսիական դրոշի առջեւ, որոնց զավակները չեն ծառայում Արցախի կամ Հայաստանի բանակում, եւ որոնք, լայն իմաստով, պատասխանատվություն չեն կրում Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ ապագայի համար:
Գրում եք ու մեզ մեղադրում՝ «Արցախը տվեցիք, դե հանգիստ ապրեք»: Սա ի՞նչ նոր կեղծիքի պատում է: Գրում եք ու մեզ մեղադրում՝ «Արցախի սահմանին չէիք ուզում կանգնել, հիմա ձեր զավակները զոհվում են Վարդենիսում, Ջերմուկում, Սեւ լճի մոտ»: Եվ այս ձեւակերպումը կարող է տալ անգամ Արցախի բարձրաստիճան պաշտոնյան:
Հայաստանը եւ հայաստանցիները Արցախին եւ արցախահայությանը տվել են հնարավորն ու անհնարինը եւ շարունակելու են տալ ու պարտավոր են տալ, քանի որ մենք մի ազգ ենք՝ կապված նույն շղթաներով:
Հիմա մենք՝ հայաստանցիներս, պարտված ու ստորացված ենք, նաեւ մեր մեղքով, մեր նախկին ու գործող իշխանությունների մեղքով, Արցախի նախկին ու գործող իշխանությունների մեղքով, բայց անարդար է, երբ մեզ մեղադրում եք Արցախի հանդեպ անտարբերության համար:
Եռաբլուրը որտե՞ղ է:
Երեւանում է, չէ՞:
Եռաբլուրում ովքե՞ր են հանգչում:
Դուք անցե՞լ եք Հայաստանով:
Մի մեծ Եռաբլուր կա Գյումրիում, ամեն գյուղում Եռաբլուր կա:
Աղքատ ու անորոշության մեջ ապրող Հայաստանն ու նրա քաղաքացին են հարկ վճարում, որից այս տարի ավելի քան 300 միլիոն դոլար փոխանցվել է Արցախի բյուջե: Ավելին պիտի տանք, պարտավոր ենք, բայց երբ դուք սկսում եք գումարները հաշվել, ես էլ պետք է հաշվեմ:
Աղքատ ու անորոշության մեջ ապրող Հայաստանը մեկ տարում գրեթե այնքան է օգնում Արցախին, որքան կազմում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30 տարիների հանգանակած գումարը:
Դուք ասում եք՝ մենք պատերազմի օրերին 5000 դոլար ենք տվել, որտե՞ղ է այդ գումարը, ես ստիպված եմ ձեզ պատասխանել՝ մենք էլ 5000 զոհ ենք տվել:
Ու ցավալի է, որ խրախճանքի եւ անտարբերության մեղադրանքներ հնչում են հանրային երեւելի դեմքերից:
Մի նշանավոր պատմաբան իր տաք սենյակում կայքերից մեկի հետ զրույցում ասում է՝ «100 տարի առաջ էլ Կարսը հանձնելուց Երեւանում մարդիկ խրախճանքի մեջ էին»:
Հասկանալի է, որ հարգարժան պատմաբանը իր խոսքով զուգահեռ է անցկացնում այսօրվա հետ, որ իբր Երեւանն է այսօր խրախճանքի մեջ, երբ Արցախը եւ մեր հայրենակիցները շարունակում են զրկանքներ կրել:
Ես չեմ ուզում վիճել պատմաբանի հետ: Գոնե իմ ճանաչած մարդիկ, այն մարդիկ, որոնց հետ շփվում եմ ամեն օր Երեւանում եւ Հայաստանի տարբեր մասերում, խրախճանքի մեջ չեն եւ այդ պատմաբանից ու ինձնից ավելի մտահոգ են Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործողություններով (ու նորից հարց՝ միջանցքը ո՞վ է փակել):
Ես չեմ կարդացել մի հոդված, հուշագրություն, որ 100 տարի առաջ, երբ քեմալականները զավթում էին Կարսը, Երեւանը խրախճանքի մեջ էր: 1920 թվականի աշնանը Երեւանում եւ ամբողջ Հայաստանում սովը դեռ ամբողջովին հետ չէր քաշվել, ուրեմն՝ սովահար ժողովուրդը ինչպե՞ս կարող էր խրախճանքի մեջ լինել:
Արդա՞ր է ասել, որ Կարսը հանձվել է, երբ Կարսի ուղղությամբ կռիվներում Հայկական բանակը տվել է հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ: Հասկանալի է, որ հարգարժան պատմաբանը կրկին զուգահեռ է անկացնում 1920-ի եւ 2020-ի միջեւ, բայց արդյոք 5000 զոհը եւ 10 հազար վիրավորը բավարար չեն մեզ ստիպելու, որ չվիրավորենք Արցախի համար կյանքը տված տղաներին ու նրանց ծնողներին:
Եռաբլուրներում ծածանվող եռագույնները եւ հայկական սուրբ հողի մեջ հանգչող հայ տղաների վիրավոր մարմինները մեզ պետք է ստիպեն չափավորել բառապաշարն ու վարքը:
Վերջ տանք կեղծ բարեպաշտությանը եւ անպատասխանատու հայրենասիրությանը, հատկապես, երբ մեր ձայները «տաք տեղից» են գալիս:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։