Այս տարի Ադրբեջանի կողմից երկու անգամ Արցախի գազամատակարարման դադարեցումը ցույց է տալիս, թե որքան անպաշտպան են մեր երկու երկրները էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Ադրբեջանն առաջին անգամ Արցախի գազամատակարարումը փակեց մարտին, երբ առատ ձյուն էր տեղացել։ Օրեր անց վերականգնելուց հետո պարզ դարձավ, որ ադրբեջանցիները փոխել են Արցախին սնուցող գազատարի փականը, եւ իրենք են վերահսկում։ Այս անգամ փակել են հենց այդ փականը։
Արցախ գազ հասցնում է 2013 թվականից 100 տոկոսով Ռուսաստանի սեփականությունը դարձած «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։ Այսինքն՝ ինչպես Հայաստանին, այդպես էլ Արցախին գազ մատակարարում է Ռուսաստանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն այդ փականը փակել-բացելուց առաջ պետք է հիշի այդ մասին, ինչն անկասկած անում է։ Իսկ եթե այդքանից հետո փակում է, ու փականն էլ փոխում է, սա արդեն խոր կասկածի տեղիք է տալիս, որ գազամատակարարումը դադարեցրել է ռուս խաղաղապահների գիտության կամ անտարբերության պայմաններում։ Մարտին Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմելու պատճառով այնքան թույլ չէր, ինչպես հիմա է, որ Ադրբեջանը գազը փակելուց առաջ հաշվի չառներ այդ երկրի կարծիքը։
Նման պայմաններում մտահոգություն է առաջանում, թե էներգետիկ ինչպիսի անկախություն կամ կախվածություն ունի Հայաստանը։ Իհարկե, այս դեպքում միանգամից հիշում ենք «Գազպրոմ-Արմենիային» եւ այն փաստը, որ մեր միակ գազամատակարար ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին։ ՌԴ-ն է շահագործում նաեւ մեր էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսն արտադրող ատոմակայանը։
Այդ երկիրն իր քաղաքացիների միջոցով տիրապետում է էներգետիկ այլ օբյեկտների եւս. ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին է պատկանում Հայաստանի էլեկտրաէներգիայի միակ մատակարար ՀԷՑ-ը։ Նրան են պատկանում նաեւ էլեկտրաէներգիա արտադրող երկու խոշոր՝ «Հրազ ՋԷԿ» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ընկերությունները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ «Հրազ ՋԷԿ»-ը 2021 թվականին ատոմակայանից հետո երկրորդ խոշոր արտադրողն է եղել։ Իսկ ՄԷԿ-ը տնօրինում է Սեւան-Հրազդան կասկադի ակտիվները՝ ներառյալ յոթ ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի երկայնքով, Սեւանա լճի եւ Երեւան քաղաքի միջեւ՝ «Սեւանը», «Հրազդանը», «Արգելը», «Արզնին», «Երեւան 1-ը», «Երեւան-3-ն» ու «Քանաքեռը»:
Սեւան-Հրազդան կասկադը նույնպես խոշոր արտադրող է, հինգերորդն է էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շարքում. անցած տարի արտադրել է 445 միլիոն կիլովատտ հոսանք։ Այն նաեւ Որոտանի ՀԷԿ-ից կամ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ»-ից հետո Հայաստանի ՀԷԿ-երի երկրորդ խոշոր խումբն է։
Իհարկե, Սամվել Կարապետյանն էներգետիկ այլ օբյեկտներ եւս ունի՝ «Ձորագետ հիդրոն», որը փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է։ Նրա ակտիվների մեջ նշվում են նաեւ Գեղարքունիքի մարզում «Էրիկ» եւ «Վահան» ՀԷԿ-երը: Նոր ՀԷԿ է կառուցում ջրառատ Դեբեդ գետի վրա՝ «Շնող»-ը։ Միայն «Հրազ ՋԷԿ»-ն ու ՄԷԿ-ն արտադրում են Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 25 տոկոսը։
Այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանի էներգետիկ օբյեկտների ոչ միայն անմիջական սեփականատերն է, այլեւ անուղղակի սեփականատեր է Կարապետյանի միջոցով։ Այդպիսով տիրապետում է մեր էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսին։ Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանն այն գործարարն է, որն ամբողջությամբ կրում է Ռուսաստանի ազդեցությունը։ Երբ մեր երկրում սրվում են հակառուսական տրամադրությունները, նա հայտարարություն է տարածում եւ զգուշացնում է, որ ՌԴ-ում ապրող մի քանի միլիոն հայերը կրիտիկական ռիսկ են Հայաստանի համար, եւ հակառուսական հայտարարություններ անելիս պետք է հիշել դրա մասին։
Այդպիսով Հայաստանի միակ գազամատակարարը Ռուսաստանն է, եւ այդ երկրին է պատկանում մեր էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսը։ Եվ եթե այդ երկիրը ցանկանա, մեկ րոպեում կարող է Հայաստանում էներգետիկ ճգնաժամ առաջացնել, ինչպես դա եղավ Արցախում։ Աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային զարգացումներից դատելով՝ դա այնքան էլ անիրատեսական չէ։
Տարիներ շարունակ մեր երկրում հարց է բարձրացվել, որ պետք է դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ հնարավորությունն ու նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, հատկապես՝ գազամատակարարումը։ Դրա համար այլընտրանք է դիտարկվել հարեւան Իրանը։ Եվ նախկին իշխանությունները Իրանի հետ պարբերաբար քննարկել են ներքին սպառման համար նաեւ գազ ներկրելու հարցը։ Թե ինչ են քննարկել, դժվար է ասել, բայց միշտ հանրությանը պատասխանել են, թե Իրանը գազը մեզ Ռուսաստանից ավելի թանկ է վաճառելու։
Թե մեր հանրության հետ որքան են անկեղծ եղել նախկին իշխանությունները, դժվար է ասել, բայց չի էլ բացառվում, որ իսկապես Իրանը պատրաստ չէ Հայաստանին գազ վաճառելու, դրա համար էլ ավելի բարձր գին է առաջարկել։ Չէ՞ որ գազը միայն էներգետիկ ապրանք չէ, այն քաղաքական ուժեղ գործիք է այլ երկրներին ճնշելու համար, ինչին ականատես ենք լինում մեր օրերում։
Բայց այստեղ Իրանը չէ, որ ճնշում է մեր երկրին՝ ավելի էժան գազ չվաճառելով։ Հատկապես որ ուներ գազի հսկայական պաշարներ, եւ դրանք այսօր չի կարողանում իրացնել այն չափով, ինչ չափով որ կցանկանար, քանի որ արեւմտյան պատժամիջոցների տակ է։ Մանավանդ որ Հայաստանն առանձնապես մեծ ծավալի գազ չի էլ սպառում՝ տարեկան ընդամենը 2 մլրդ խմ։ Եվ Իրանն առանձնապես չէր էլ տուժի, եթե մեզ ռուսականից ավելի էժան գին ասեր։ Խնդիրն այն է, որ տարածաշրջանային հարաբերություններում Իրանը ռուսական քաղաքականության ոլորտում է եւ Ռուսաստանին դեմ չի գնա ու մեզ էժան գազ չի վաճառի։ Դա Ռուսաստանին դուր չի գա։
Տարածաշրջանում Հայաստանն այլ էներգետիկ աղբյուր չունի. Ադրբեջանից չի գնի, Թուրքմենստանի հետ նույնպես դժվար կլինի, քանի որ այդ երկիրն էլ պետք է մտածի, թե դա ինչպես կընդունեն Թուրքիան, Ադրբեջանը, ինչու չէ, նաեւ Ռուսաստանը։
Այնպես որ առայժմ Հայաստանի միակ գազամատակարարը մնում է Ռուսաստանը, որը մեր երկրում տիրապետում է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսին։ Դա նշանակում է, որ մեր երկիրն էներգետիկ անվտանգության առումով շատ թույլ վիճակում է։ Եվ չի բացառվում, որ մի օր Ռուսաստանը կփակի մեր էներգետիկ փականը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։