Ըստ ավստրիական Kronen Zeitung պարբերականի՝ Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ 39-ամյա կասկածյալին ձերբակալելու համար ներգրավվել է հատուկ նշանակության ջոկատը։
«Խոսքը ռուս նախկին դիվանագետի որդու մասին է»,- գրում է պարբերականը։ Նա, պարբերականի պնդմամբ, «պայթյունավտանգ տեղեկատվության» համար իբր միլիոններ է ստացել ռուսական իշխանություններից, ներառյալ Ուկրաինայի հակամարտության ժամանակ։
Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռեւս մարտի 24-ին Ավստրիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում։ Խուզարկության ընթացքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել է գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկները գտնող ազդանշանային դետեկտոր, ինչպես նաեւ հակաբեկորային հագուստ: «Բացի դրանից՝ առգրավվել են բջջային հեռախոսներ, նոութբուքեր եւ պլանշետներ, ուսումնասիրվել են դրանցում եղած մոտ 10 միլիոն ֆայլերը»,– գրում է պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ նա պաշտոնապես չի աշխատել եւ սոցիալական նպաստ է ստացել Ավստրիայում։ 2018-ից ի վեր 65 ուղեւորություն է կատարել Եվրոպայի սահմաններում, ինչպես նաեւ եղել է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում եւ Վրաստանում: Ենթադրվում է, որ մի քանի անշարժ գույք ունի Վիեննայում, Ռուսաստանում եւ Հունաստանում։