ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի նորանշանակ ղեկավար Իմեդա Ցիցիաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի բացահայտման տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների կատարելագործման, իրականացվող քննությունների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
Ըստ Այվազյանի՝ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի հետ համագործակցության ամբողջ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մշտապես զգացել է ԱՄՆ գործընկերների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ իրացման հանցագործությունների բացահայտմանը նպաստող աջակցությունը։
Իմեդա Ցիցիաշվիլին եւս գոհունակություն է հայտնել ձեւավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անդրազգային ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է։ Դրա դեմ արդյունավետ պայքարի հիմնական գրավականը միջազգային սերտ գործակցությունն է, փորձի փոխանակումը։ Ցիցիաշվիլին փոխանցել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի՝ այդ չարիքի դեմ պայքարում Հայաստանին հնարավոր տեխնիկական եւ մեթոդաբանական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հայկական կողմը ներկայացրել է հատկապես առցանց տարբեր հարթակների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթների միջոցով փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ քրեական հետապնդման մարմինների վերջին շրջանի լուրջ ձեռքբերումները։