ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը քաղաքացիական մշտադիտարկման խմբի գործունեության ավարտից հետո մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել։
Ըստ Բորելի` Եվրամիության 40-հոգանոց անզեն առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, արդյունավետ է եղել եւ նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձեւավորմանը։ «Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար»,- նշել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ Եվրոպական խորհուրդը Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը եւ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Ակնկալվում է, որ անցումային թիմը կաջակցի նաեւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը խթանելու գործընթացում։