ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 20-ին 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: «Ստեղծագործ Եվրոպա»-ն ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է եւ հասանելի է նաեւ ԵՄ հարեւանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին:
Ծրագրի նպատակն է պաշտպանել, զարգացնել եւ տարածել եվրոպական մշակութային եւ լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ ուժեղացնելով Եվրոպայի մշակութային եւ ստեղծարար ոլորտների մրցունակությունը՝ ապահովելու կայուն ու ներառական աճ:
Ծրագրի այս շրջափուլը նախատեսվում է մինչեւ 2027-ը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թվականների համար: Ծրագրի շրջանակում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ եւ եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով: Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրո մասնակցության վճար: Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այդ մասնակցության վճարով հնարավոր կլինի շատ ավելի մեծ գումարներ գեներացնել Հայաստանի մշակույթի ոլորտի համար: