Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի եւ (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքների թարմացված ցանկը, որը ձեւավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված է 31 հազար 355 ապրանքատեսակ։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:
Կոմիտեն հիշեցրել է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում անելով նշված ցանկին, մաքսային մարմիններին այլեւս չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի եւ (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրում են տարբեր փորձագիտական ընկերությունները, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի եւ (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։
Միաժամանակ, ՊԵԿ-ից հայտնել են, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ մաքսային մարմինները ցանկին հղումը որպես հիմք կընդունեն միայն տվյալ ապրանքի եւ ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ երկակի եւ (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքների ցանկը անհրաժեշտության դեպքում պարբերաբար կթարմացվի եւ կընդլայնվի, որը հետագայում նույնպես կհրապարակվի։