«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայում առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը հստակ ցույց է տալիս ցեղասպանության եւս մեկ փուլ իրականացնելու իր մտադրությունը։ Միջազգային հանրությունը պետք է գործի հավաքական, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը:
Նախազգուշացման մեջ նշվում է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, նպաստել է հայերի դեմ կատարված վայրագությունների անպատժելիությանը, սպառնացել ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Երեւանը։ Կազմակերպությունները «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։
Կազմակերպությունները դիմել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիային» միացած երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ռուսաստանին, նրանց կոչ արել կատարելու իրենց պարտավորությունները՝ կանխելու հայերի նկատմամբ հասունացող ցեղասպանությունը։ Կազմակերպությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ կոչ են արել ապահովելու միջազգային բոլոր կազմակերպությունների մարդասիրական նպատակներով անխոչընդոտ մուտքն Արցախ: