ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնել են, որ Հայաստանում դեկտեմբերի 5-16-ին շրջակա միջավայրին հասցվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս։ Արձանագրվել է 55 դեպք, որոնցից 7-ի դեպքով արձանագրվել է 650 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված մոտ 3 միլիոնի վնաս, 21 դեպքով նշանակվել է շուրջ 1 միլիոն 700 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումներ են արվել մասնավորապես բուսական աշխարհի պահպանության, կենդանական աշխարհի պահպանության, մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտներում։
Տեսչական մարմինն արձանագրել է նաեւ հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100 հազար դրամի վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 9 գործ` ընդհանուր 1 միլիոն 300 հազար դրամի չափով։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել մոտ կես միլիոն դրամ: