Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առեւտրաշրջանառությունը եղել է 17,018 միլիարդ դոլար, ինչը 32,2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ապրանքների արտահանումից Վրաստանի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,8%-ով։
2022-ի հունվար-նոյեմբերին վրացական ապրանքների արտահանումը Հայաստան եւ Ղազախստան զգալիորեն աճել է։ Այս տարի Հայաստանը Վրաստանի արտահանողների 4-րդ տեղն է զբաղեցնում։ Վրաստանն ամենաշատ ապրանք արտահանել է Չինաստան (660,7 միլիոն դոլար), նրան հաջորդում են Ռուսաստանն (597,9 միլիոն դոլար) ու Ադրբեջանը (595,5 միլիոն դոլար), այնուհետեւ Հայաստանն է (495,6 միլիոն դոլար):
Արտահանումն աճել է բոլոր խոշոր գործընկերների հետ, բացառությամբ Ուկրաինայի։ Չնայած դրան՝ Ուկրաինան շարունակում է մնալ արտահանող երկրների առաջին տասնյակում, թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հինգերորդ տեղից տեղափոխվել է ութերորդ տեղ։