ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։
Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ եւ անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ եւ միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Միրզոյանը։
Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար եւ սկզբունքային դիրքորոշումը։