Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գեորգի Ծերեթելին եւ նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված եւ ընթացիկ նախագծերին։
Քվեմո Քարթլիի մարզում 2022-ին մեկնարկել է 22 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը եղել է 114,3 միլիոն լարի: Ավարտվել է 11 ծրագիր, կատարվել են մինչեւ 60 կմ ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է 2 կամուրջ, իրագործվել է 1 ամբարտակի, աղետների կանխարգելման եւ լիկվիդացիայի ծրագիր։
Ավարտվել է Թեթրիծկղարո-Դաղեթի-Բոլնիսի ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածը, Թբիլիսի-Գաչիանի-Ռուսթավի ավտոճանապարհի 5,4 կմ-անոց հատվածը, ինչպես նաեւ ներքին նշանակության Նորիո-Լիլո ավտոճանապարհն ու Շուլավերի-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի 6 կմ-անոց ճանապարհահատվածը:
Մյուս նախագծերի վրա աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, դրանց վերականգնումը կավարտվի 2023-ին։ Այդ ճանապարհահատվածներն են Մառնեուլի-Թեթրիցկղարո-Ծալկա ավտոճանապարհի 16 կմ-անոց հատվածը, Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 15 կմ-անոց հատվածը եւ Իմերա-Բարեթի-Թեջիսի-Չիվթքիլիսա-Խաչկոի-Գումբաթի-Ավրանլոս ճանապարհի 8,6 կմ-անոց հատվածը: