Ըստ ամերիկյան BBC-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինայում ռազմական գործողությունների 10 ամիսների ընթացքում Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ լքել է երկիրը եւ մեկնել Միացյալ Նահանգներ։ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոն է ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Ըստ ԶԼՄ-ների՝ Զելենսկին Լեհաստան էր հասել գնացքով։
Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային եւ խոստացել է եւս 45 միլիարդ դոլարի աջակցություն։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։ «Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները»,- ասել է Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին նաեւ դիմել է ԱՄՆ Կոնգրեսին եւ վստահություն հայտնել, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ աջակցություն կցուցաբերեն իր երկրին։
Ուկրաինայի նախագահը կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար շրջադարձային կլինի։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միեւնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, եւ ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։
Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով։