Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Ռուսաստանն ու Իրանը զբաղվում են արեւելքից մինչեւ Հնդկական օվկիանոս 3 հազար կիլոմետր երկարությամբ նոր անդրմայրցամաքային առեւտրային միջանցքի ստեղծմամբ։ Կասպից ծովի հետ կապված գետերով ու երկաթուղիներով բեռների առաքումն արագացնելու համար 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել։ Նախկինում ՌԴ-ից դեպի արեւելք գնացող ծովային ճանապարհն անցնում էր Հյուսիսային ու Միջերկրական ծովերով եւ մոտ 14 000 կմ էր: Տասնյակ ռուսական եւ իրանական նավեր, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող, արդեն երթեւեկում են այդ երթուղով:
Նոր առեւտրային ուղու շնորհիվ ՌԴ-ն եւ Իրանը հնարավորություն կստանան արագացնելու բեռնափոխադրումը գետերով ու երկաթուղիներով՝ հազարավոր կիլոմետրերով կրճատելով առաքման երթուղին: Ըստ վերլուծաբանների՝ միջանցքը կմեկուսացվի արեւմտյան երկրների միջամտությունից, եւ գործընկեր պետություններին կհաջողվի պատժամիջոցների նկատմամբ կայուն մատակարարման շղթաներ ստեղծել Ասիայի արագ աճող տնտեսությունների համար:
Արեւմտյան երկրները մտահոգված են նոր երթուղու վրա Ռուսաստանի եւ Իրանի աշխատանքով։ Սակայն լրագրողները կարծում են, որ դաշնակիցների մտահղացման հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք ասիական երկրները կհամաձայնեն խախտել պատժամիջոցները։ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր 4 միլիարդ դոլար է եղել: Ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումից եւ այդ վիթխարի նախագծի իրականացումից հետո այդ թիվը կարող է 40 միլիարդ դոլարի հասնել: