Ֆեյսբուքում երբեմն ակամա բանավեճ եմ ունենում բոլորովին անծանոթ մարդկանց հետ, երբ համոզված եմ լինում, որ ընդդիմախոսս ֆեյք չէ: Օրերս բավական երկար խոսակցություն էր Սեւրի պայմանագրի, առաջին Հանրապետության իրավահաջոդություն ընդունելու եւ «ապագաղութացման» թեմայով:
Ուզում եմ հավատալ, որ մարդը քաղաքական մանիպուլյատոր չէ, անկեղծ է եւ հավատում է, որ Վիլսոնյան Հայաստան կա, լինելու է: Մնում է, որ ազգովի համախմբվենք այդ նպատակի շուրջ: Նույնը չես ասի նրանց մասին, որ դիվանագիտական փորձառություն ունեն, քաղաքական որոշակի ճանապարհ են անցել կամ ռազմական գործիչ են եղել:
Նրանք այդքան անկեղծանալու իրավունք պարզապես չունեն: Որովհետեւ այլ բան է միջին վիճակագրական հայի անվտանգ ըղձախոսությունը, բոլորովին այլ, երբ այդ ամենը բերվում է պետական-քաղաքական կամ նույնիսկ հանրային կյանքի միջավայր: Այստեղ բոլորս մի պարտավորություն ունենք՝ եթե օգնել չենք կարող, գոնե չվնասենք:
Քառասունչորսօրյա պետերազմից հետո, երբ տարածաշրջանում իրավիճակը բառիս բուն իմաստով կախված է մազից, ազգային պահանջատիրությունը, պատմական արդարության վերականգման շուրջ զգացմունքային զեղումները ոչ միայն ժամանակավրեպ, այլեւ չափազանց վտանգավոր են:
Հարկ չկա անդրադառնալու, թե միջազգային քաղաքականության կուլիսներում ինչ վտանգներ են խմորվում: Բավական է թռուցիկ հետեւել օտարալեզու մամուլին, որպեսզի պարզ լինի, որ գործ ունենք երկբեւեռ իրականության հետ: Լիբերալիզմի եւ համամարդկային արժեքների արեւմտյան աշխարհը ճգնաժամի մեջ է: Ձեւավորվում է Մեծ Եվրասիա, որի մի մասն է Հարավային Կովկասը՝ իր բազմաթիվ խնդիրներով: Ահա այս իրավիճակում, որի մոտավոր պատկերը դժվարանում են գծել ամենափորձառու քաղաքագետներն ու վերլուծաբանները, պատերազմում պարտված Հայաստանի ներքաղաքական օրակարգ բերել Վիլսոնյան Հայաստանի վերագտնումի թեման՝ նշանակում է կամ անմեղսունակ լինել, կամ սպասարկել արտաքին որեւէ կենտրոնի շահ:
Իսկ դա արդեն բարոյականության խնդիր է:
Ինձ կարող են որպես ռոմանտիկ պրովինցիալի ծաղրել: Ես գիտեմ, որ քաղաքականության մեջ բարոյականը վերջին տեղում է կամ ընդհանրապես բացակայում է: Բայց ցինիզմը հզոր, կայացած, ինքնավստահ, ինքն իրեն պաշտպանելու ունակ երկրի քաղաքական գործչի առանձնաշնորհն է: Մեր դեպքում, երբ դեպի աջ կամ ձախ մի կես-քայլ կարող է էլ ավելի վատթարացնել վիճակը, խորացնել ճգնաժամը, ոչ ոք օրիգինալ քաղաքական գործչի դեր խաղալու իրավունք չունի:
Մամուլը տարածել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հոդվածը: Այդ տեքստի դիվանագիտական «մեխը» մի իրողության արձանագրում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը միշտ առաջին ջութակի դերը վերապահել է Ռուսաստանին: Չեմ կարծում, թե նման սկզբունքային խոստովանություն նա արել է առանց պետական դեպարտամենտի հետ խորհրդատվության: Եւ ասվածը պետք է ընկալել այսօրվա իրողությունների կտրվածքով:
Նախկին դեսպանը, գոնե ես այդպես եմ հասկանում, հայ հանրությանը բարեկամաբար խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգների հնարավոր դերակատարության պատրանքների չտրվել: Սա այն երկրի նախկին դիվանագետն է ասում, որի կամեցողության վրա է կառուցվում Վիլսոնյան Հայաստանի վերագտնումի քարոզչությունը: Այս դեպքում պետք է շատ կարեւոր արձանագրում անել. ամերիկացի Հոգլանդը հայ ժողովրդի նկատմամբ ավելի ազնիվ զգացմունքներ է տածում, քան՝ ԱԺԲ-ում հավաքված նախկին դիվանագետը եւ «ապստամբականները»:
Նա ասում է ճշմարտությունը, իսկ հայ ազգայնականները՝ նենգափոխում են ոչ միայն պատմությունը, այլեւ ներկան: Եւ, որքան էլ փորձես, այդ մարդկանց քաղաքական գործիչ չես կարող անվանել, իրենց գործը՝ քաղաքականություն: Որովհետեւ քաղաքական չէ այն խոսքը, որ չունի նվազագույն իսկ հիմնավորում, առավել եւս՝ իրացման նույնիսկ տեսական գործիքակազմ:
Թե ինչու՞ է ԱԺԲ-ն ասպարեզ իջել՝ այլ թեմա է: Մեզ ավելի շատ պետք է հուզի, թե ինչու՞ անգամ քառասունչորսօրյա պատերազմից հետո հայ իրականության մեջ կան մարդիկ, խմբեր, խավեր, կաստաներ, որ հավատում են Վիլսոնյան Հայաստանի վերագտնումի քարոզչությանը: Թող որ նրանք ընտրողների 0,1 տոկոսը կազմեն, բայց ինչու՞ ունենալ երազախաբության տրված թեկուզ տասը հազար հայրենաբնակ հայ: Չէ՞ որ դա էներգիայի վատնում է: Կարելի է ասել՝ «հիվանդություն»: Իսկ քանի դեռ այն կա, միշտ ունենալու ենք արտաքին մանիպուլյատիվ միջամտության վտանգ, հանրային սուր բեեւռացման սպառնալիք, քաղաքականությունը պահանջատիրության վերածելու պոպուլիզմի աղետ, որի ծանր հետեւանքն է մեր այսօրվա իրականությունը:
Կարդացի, որ ամերիկյան քսանյոթ ոչ կառավարական կազմակերպություններ դիմել են նախագահ Բայդենին եւ հորդորել Ռուսաստանի հետ դիսկուրսից բացառել կոշտ հռետորաբանությունը, հնարավորինս տեսանելի ապագայում վերսկսել Պուտինի հետ երկխոսությունը: Եւ դա՝ ուժեղ, ինքնավստահ, մնացյալ ամբողջ աշխարհին վերեւից նայող Նահանգներում:
Բարոյականության հարց է՝ ինչպես զսպել հավականությունները, գտնել ներքին ինքնակառավարման զսպանակներ, երբ հասկանում ես, որ համառությունը ոչ մի տեղ չի տանում, բացի առճակատումից: ԱԺԲ անվանված շարժումը բարոյականություն պետք է ունենա եւ լռի: Սա իրավունքի սահմանափակման պահանջ չէ, այլ՝ հայրենասիրության թեսթ: Որովհետեւ այս կրիտիկական պահին Վիլսոնյան Հայաստանի թեմայով լռությունը երկրին կենսականորեն օգտակար է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։