ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված, տվյալ դեպքում՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելու պարտավորությունը, հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարում է իր պարտականությունները:
«Կարող եմ հակառակն ասել: Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»,- նշել է Զախարովան: Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում, եւ աշխատանք է տարվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ սրացումներ նախկինում էլ բազմիցս եղել են:
«Կողմերը մեղադրել են միմյանց, եւ հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ իրավիճակի կայունացման համար, եւ նրանք դա ի վիճակի են եղել անելու: Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Փաշինյանի հայտարարությանը միաժամանակ արձագանքել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանցի խաղաղապահներն ամեն ինչ անում են՝ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում կարգուկանոն եւ անդորր հաստատելու համար եւ գործում են բացառապես երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան»,- նշել է Պեսկովը: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան շարունակում է հիմնախնդիրը քննարկել հայ դաշնակիցների հետ: