Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու եւ հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը։ Նա նշել է, որ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։
«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատեւ խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաեւ հիմնական ապրանքների եւ ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների եւ շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ մարդու իրավունքների իրացմանը»,- ասել է Դունյա Միյատովիչը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։