ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի։
Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարաձայնությունները տարածաշրջանի հանքերի շահագործման հարցի շուրջ։
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ։ Ըստ Զախարովայի՝ նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել են գազամատակարարումը եւ հումանիտար նշանակության ավտոտրանսպորտի, մասնավորապես՝ շտապօգնության մեքենաների երթեւեկությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, թե ՌԴ-ն ակնկալում է, որ իրավիճակն առաջիկայում կհանգուցալուծվի։
«Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանելու երեք երկրների ղեկավարների հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Հայտարարությամբ նախատեսվում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապի առկայություն Լաչինի միջանցքով, որը ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է»,- ընդգծել է Զախարովան։