Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Մոսկվայում Ռուսաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունների բանակցություններից հետո հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանական գոտին անհրաժեշտ է բացառապես միջուկային վթարը կանխելու համար։
ՌԴ պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը` Ռաֆայել Գրոսին:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում պաշտպանական գոտու ստեղծման շուրջ անհրաժեշտ քննարկումների հերթական փուլն էր։ Շարունակում եմ ջանքերս նպատակին հասնելու համար`գիտակցելով հարցի հրատապությունը»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Գրոսին։
Բլոկների թվով եւ հաստատված հզորությամբ Եվրոպայում ամենամեծ ատոմակայանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, Դնեպրի ձախ ափին է՝ Էներգոդար քաղաքի մոտ։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտից ՌԴ զինվորականների պահպանության տակ է։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ դա անհրաժեշտ է միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, Զապորոժիեի ատոմակայան էր մեկնել սեպտեմբերի սկզբին։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը եւ կայանի աշխատակիցները Գրոսիին ցույց են տվել կայանի՝ ուկրաինական զորքերի գնդակոծությունից տուժած հատվածները: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակից մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցից հետո զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: