Կառավարությունը ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել: Ըստ հիմնավորման՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգումից հետո վերջին տարիներին Սեւանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019-ին՝ 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովելու Սեւանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020-ին՝ 300 տոննա, 2021-ին՝ 300 տոննա, 2022-ին՝ 600 տոննա):
Սակայն վերջին տարիների՝ սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից արտահանման համապատասխան ծածկագրերին դասվող՝ ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:
Այդպիսով կբարելավվեն Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունն ու կենսապաշարների կայուն օգտագործումը, սիգի կայուն զանգվածի պահպանումը, արդյունագործական որսի իրականացումը։
Կառավարության որոշմամբ ՀՀ պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովման նպատակով վեց ամիս ժամկետով արգելվել է նաեւ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ համապատասխան ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արեւածաղկի սերմ, արեւածաղկի ձեթ) արտահանումը։