Իսպանիայի Կոնգրեսը անհանգստությամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջը տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: Դեկտեմբերի 22-ի լիագումար նիստում Կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը տարածաշրջանում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի եւ լարվածության աճի։
Պատգամավորների Կոնգրեսն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը եւ կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
Իսպանիայի խորհրդարանը կողմերին կոչ է անում լուծելու եւ հարթելու տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով, միջազգային կառույցներին հորդորում կանխել տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը: