ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկելու քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։
Սալիվանն ավելի վաղ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի հետ։ Զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին անցկացված համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։
«Կողմերը հաստատել են, որ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով բանակցություններին։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկելու քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը եւ ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կդառնան»,- ասված է հաղորդագրությունում։ ԱՄՆ նախագահի խորհրդականը նաեւ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման եւ այդ իրավիճակից բխող հումանիտար հետեւանքների կապակցությամբ եւ կոչ է արել լիովին վերականգնելու միջանցքով ազատ տեղաշարժը։