ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 112 հազար եվրո է վճարել 2022-ին Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար։ Արձագանքելով «արդյո՞ք Հայաստանը չի ծրագրում փակել իր տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում» հարցին՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ըստ միջազգայնորեն ընդունված ձեւաչափի՝ բոլոր միջազգային թռիչքներն արվում են ըստ նախապես տրված թռիչքային ծրագրերի:
«Հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին է փոխանցել է 111 հազար 927,22 եվրո»,– ասված է հաղորդագրության մեջ։ Փոխանցումն արվել է օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (EUROCONTROL) կենտրոնական գրասենյակի միջոցով ՝ ըստ սահմանված ընթացակարգի։
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները»,– ասված է քաղավիացիայի պատասխանում: Նշվում է նաեւ, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումները կիրառվում են բացառապես բոլոր օդանավ շահագործողների համար թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Ադրբեջանական ավիաուղիները» Բաքվից Նախիջեւան թռիչքների համար 2021-ի հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ 2021-ի հոկտեմբերի 6-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների համար մոտ 32 հազար եվրո է վճարել։