Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը Չեստերֆիլդում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաղթելու լավ հնարավորություն ունի։ Մեր գրոսմայստերը, մրցաշարի նախավերջին տուրում պարտության մատնելով ամերիկացի Պրավեն Բալակրիշնային, վաստակել է 6,5 միավոր եւ միանձյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են հինգ շախմատիստ, որոնք հետ են մնում 0,5-ական միավորով։
Դեկտեմբերի 23-ին նախատեսված վերջին պարտիայում Արամ Հակոբյանը սեւերով կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկի հետ։
Մրցաշարին մասնակցող մեր շախմատիստուհի Աննա Սարգսյանը, որը 4 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, այս տուրում 5-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի է խաղացել իր մրցակցի հետ։
3 միավորով 59-րդ հորիզոնականում հայտնված ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ Ամերիկահայ շախմատիստ Կիրկ Ղազարյանը նույնպես պարտվել է ընթացիկ տուրում եւ վաստակած 4 միավորով զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։