ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն:
«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, համոզված եմ, որ առավել եւս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը եւ հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Լավրովն ափսոսանք է հայտնել արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշման կապակցությամբ։
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են, որ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորվի։ Նա հավելել է, որ ՌԴ-ն կապի մեջ է բոլոր կողմերի հետ։ «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ամուր եւ արդար խաղաղության հաստատելու եւ միջադեպի հնարավոր կրկնություն թույլ չտալու հարցում»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։