Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն դեռեւս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալու խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երեւանից փոխանցված առաջարկներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երեւանը նաեւ առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։
«Երեկ ես հնարավորություն ունեցա նայելու առաջարկները, բայց, անկեղծ ասեմ, աշխատանքային օրվա ընթացքում էր, եւ, բնականաբար, փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրելու, գործընկերների հետ քննարկելու հնարավորություն չունեցա։ Ընդհանուր պատկերացում կա, թե ինչ է մեզ փոխանցվել։ Այդ պատճառով դրան միավանկ պատասխան տալը (բավարարո՞ւմ է մեզ, թե՞ չի բավարարում), հավանաբար, ճիշտ չէ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։