ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորակազմին, առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ` դա անելու համար անհրաժեշտ է կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը, եթե կա այդպիսի հետաքրքրություն, եւ եթե դա լուրջ է, հավանաբար նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշում են ընդունել եւ կողմ են եղել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջը եւ այլ տարբերակ քննարկեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ եթե դա արվում է հրապարակային, խոսափողի միջոցով, դրան պետք է վերաբերվել որպես հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մասի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին Կառավարության նիստում հայտարարել է, որ ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահներին փոխարինելու մասին չի խոսվել։