Աշխարհում տարեկան հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվում ապատեղեկատվության դեմ պայքարի եւ փաստերի ստուգման կարեւորության մասին։ Չնայած մարդկության այս բոլոր ջանքերին՝ դժվար է հավատալ, որ օրերից մի օր ապատեղեկատվությունը կդադարի գոյություն ունենալուց։ Այն կարող է ձեւափոխվել, մուտացվել, մատուցվել նոր ճանապարհներով, բայց լիովին վերանալ գոնե առայժմ հնարավոր չէ։
Ապատեղեկատվության դեմ պայքարի միակ եւ ամենաարդյունավետ ճանապարհը հասարակության իրազեկումն է ու հնարավորինս լայն շերտերին կրթելը։ Այն իրականացնելու համար անհրաժեշտ են միասնական ջանքեր եւ համալիր մոտեցում։
Այս գործում մեծ է հատկապես կառավարությունների դերը, որոնք կարող են խթանել որակյալ լրագրության տարածումը, դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում մեդիագրագիտությանը վերաբերող առարկաների ուսուցումը եւ այլն։ Այս առումով, ցավոք, չենք կարող նշել, որ էական արդյունքներ արձանագրվում են։ Բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք փոխկապացված են կառավարությունը ձեւավորող անձանց հետ, հազիվ թե կարող են համարվել օբյեկտիվ եւ անաչառ։
Նման մեդիաները ստեղծվել են որոշակի նպատակներով, հետեւաբար ի շահ այդ նպատակների դրանք կարող են տարածել ոչ միայն կողմնակալ, այլեւ կեղծ տեղեկություններ։ Այս համատեքստում դժվար է կարծել, որ պետական մարմիններն առանձնապես մտահոգ են ապատեղեկատվության տարածմամբ այնքան ժամանակ, մինչեւ այն իրենց շահերին չի սպառնում։
Ապատեղեկատվության տարածումը կանխելու թերեւս ամենակարեւոր եղանակներից մեկը նման տեղեկություններ տարածող կայքերին ֆինանսապես չաջակցելն է։ Սա հատկապես վերաբերում է բոլոր այն ընկերություններին, որոնք, հաշվի առնելով միայն կայք այցելությունների թիվը, գովազդային պայմանագրեր են կնքում նրանց հետ։ Հենց այս գովազդներից առաջացող գումարն է, որ վերածվելով ապատեղեկատվության՝ վերադառնում է հասարակությանը։ Հատկապես խոշոր ընկերությունների դեպքում նման կայքերում գովազդներ տեղադրելուց հրաժարվելը կարող է սոցիալական պաստասխանատվութան օրինակելի մոդել դառնալ։
Ապատեղեկատվության դեմ պայքարի հուսալի մեթոդներից մեկը հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է։ Սա բավականին հաջողվում է որոշ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական միավորումների կողմից կազմակերպվող տարատեսակ միջոցառումների շնորհիվ։ Սակայն այս նախաձեռնությունների ռեսուրսները եւս սահմանափակ են, ուստի դրանք չեն կարող ստանձնել ամբողջ հասարակությանը մեդիագրագետ դարձնելու պարտականությունը։
Դպրոցներում եւ մյուս կրթական հաստատություններում մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացների ներմուծումը կարող է էապես խթանել ապատեղեկատվության տարածման նվազեցումը։
Թյուր է այն կարծիքը, որ ապատեղեկատվության դեմ պայքարը միայն լրագրողների մտահոգությունն է․ դրա վնասներից անմասն չի մնում ոչ ոք, սակայն իսկապես այս պայքարում մեդիայի դերը մեծ է։ Փաստերի ստուգումը այն առանցքային գործիքակազմերից է, որով մեդիան կարողանում է հակազդել ապատեղեկատվությանը։
Առաջին դեպքում փաստերի ստուգումը օգնում է հոդվածներ կամ այլ լրագրողական նյութեր պատրաստելիս ճշգրտելու փաստերը, դրանք տրամաբանորեն փոխկապակցելու եւ սխալվելու ռիսկը հնարավորինս նվազեցնելու։ Այս դեպքում որքան շատ են դաշտում հայտնվում որակյալ, փաստահենք ու արժանահավատ հոդվածներ, այնքան ավելի քիչ է տեղ մնում մանիպուլյացիաների ու կեղծիքի համար։
Երկրորդ դեպքում փաստեր ստուգողները արձագանքում են դաշտում հայտնված այն հոդվածներին կամ լուրերին, որոնք կասկածելի են եւ ընթերցողներին շփոթության մեջ են գցում։ Նրանք ստուգում են տվյալ նյութում ներկայացված փաստերը, կարծիքները, լուսանկարները, տեսանյութերը, այն ամենը, ինչ հնարավոր է, եւ վերջնական գնահատական տալիս նյութին։ Հնարավոր է՝ փաստեր ստուգողները պարզում են, որ հոդվածն ամբողջովին կեղծ է կամ կեղծ է մասամբ, մանիպուլացնող է կամ պարզապես հորինվածք է։ Հայաստանում առայժմ ոչ շատ, բայց կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն փաստերի ստուգմամբ զբաղվող թիմեր, կան նաեւ առանձին փաստերի ստուգման հարթակներ։
Չնայած այն հանգամանքին, որ ապատեղեկատվությունը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով, չի նշանակում, որ պետք է սոցցանցերին բացասաբար վերաբերվել։ Ի վերջո այն յուրաքանչյուրիս համար առանձին լրահոս է ձեւավորում՝ հիմնվելով մեր ակտիվության վրա, օրինակ՝ ինչպիսի բովանդակություն ենք հավանում կամ տարածում։
Բազմաթիվ սոցիալական ցանցեր օգտատերերին տալիս են հնարավորություն՝ տեղեկացնելու ցանցում հայտնված ապատեղեկատվության մասին։ Հրապարակումը նշելով որպես կեղծ տեղեկություն՝ սոցցանցն այն վերանայում է, եւ եթե այն իսկապես կեղծ է, օրինակ՝ Ֆեյսբուքը ավելացնում է պիտակ եւ զգուշացնում, որ տվյալ բովանդակությունը կեղծ է։
Այս առումով կարեւոր է անտարբեր չմնալ եւ ապատեղեկատվություն պարունակող որեւէ հրապարակման հանդիպելիս տեղեկացնել դրա մասին սոցցանցին, որտեղ տեսել եք այն։
Ռիմա Գրիգորյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացնում է DCN (Digital Communication Network)-ը և CRI (Civic Resillence Initiative)-ը Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: