Հայաստանը եզակի երկիր է, որի իրատեսությունն ու պատրանքները ոչ թե զուգահեռ են, այլ նույն գծի վրա:
Իրատեսականն այն է, որ մեր ստրատեգիական միակ գործընկերը Ռուսաստանն է, պատրանքները, որ Ռուսաստանը դա պիտի նկատի ունենա:
Իրատեսականն այն է, որ Ռուսաստանն ամենեւին էլ Ադրբեջանից չի խլելու մեր տարածքները, պատրանքները, որ դա կանի մնացած աշխարհը, որը թարսվել է Ռուսաստանի հետ:
Իրատեսականն այն է, որ Ռուսաստանից պետք է հեռու մնալ, պատրանքները, որ առանց Ռուսաստանի մեր անվտանգությունը երաշխավորված է:
Իրատեսականն այն է, որ Ռուսաստանը իզգոյ պետություն է, ու դա նույնքան իզգոյ է դարձնում մեզ, պատրանքները, որ մենք առանց խնդիրների կարող ենք օգտվել դրանից ու «գործ անել» Արեւմուտքի հետ:
Իրատեսականն այն է, որ մեր հանդեպ Ռուսաստանի հետաքրքրությունները Տիրոջ եւ համարյա ստրկատիրոջ հետաքրքրություններ են, պատրանքները, որ ստրկատերը գուցե մատ թափ տա Ադրբեջանի վրա, որն այսօր Ռուսաստանի տնտեսական հետաքրքրությունների բաց դարպասն է դեպի Արեւմուտք:
Իրատեսականն այն է, որ օր առաջ պետք է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, պատրանքները, որ Թուրքիան Հայաստանի համար կարող է լինել նույնպիսի պետություն, ինչպիսին, ասենք, Իրանը, Կանադան, Հնդկաստանը կամ Հունաստանը:
Իրատեսականն այն է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ կամ ՀՀ-ի կազմում, պատրանքները, որ Ադրբեջանի կազմում էլ չի լինի:
Իրատեսականն այն է, որ մեզ անվտանգության կայուն երաշխիք չեն տալիս ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ադրբեջանը, պատրանքները, որ աստղերի դասավորությունը մի օր կնպաստի մեր անվտանգությանը:
Իրատեսականն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր հարեւանն են, ու ո՛չ նրանք գնալու տեղ ունեն, ո՛չ մենք, պատրանքները, որ նրանք մի օր կցնդեն երկրի երեսից:
Իրատեսականն այն է, որ Ռուսաստանի հետ քայլ գցելն անիրատեսական է, նույնիսկ եթե ոչ ոք չի ուզում նրա հետ քայլ գցել, պատրանքները, որ ռուսներն իրենց լավը չեն հասկանում:
Իրատեսականն այն է, որ Ղարաբաղը մենք կորցրել ենք այն ժամանակ, երբ ազատագրեցինք եւ լուծում չգտանք, պատրանքները, որ էլի ենք ազատագրելու:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: