Երեւանում տեղի ունեցավ Armenian Tomorrow’s Technology («Հայկական վաղվա տեխնոլոգիան») խորագրով կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերությունը։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ պրոթեզավորման կարիք ունեցող բուժառուների թիվն ավելացավ, ընկերությունը ձեռք բերեց եվրոպական նորարար սարքավորումներ։ Մասնագետները վերապատրաստվեցին, եւ որոշ ժամանակ անց լաբորատորիան, օգտագործելով լազերային աճեցման նորագույն SLM տեխնոլոգիան, սկսեց արտադրել անհատական օրթոպեդիկ պրոթեզներ եւ իմպլանտատներ ամբողջ մարմնի համար:
Այժմ լաբորատորիան արտադրում է մետաղական կոնստրուկցիաներ տիտանից, կոբալտ խրոմից, ոսկուց: Տիտանե հոդային գլխիկները, իմպլանտները եւ պրոթեզներն անհրաժեշտ են վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային եւ գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց բուժման համար: Արցախյան պատերազմի մասնակից 54 զինվոր բարեհաջող վիրահատվել է, անվճար տրամադրվել են տիտանե իմպլանտատներ։
Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան բժիշկներ, որոնք, «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության ստեղծած իմպլանտները կիրառելով, բացառիկ վիրահատական միջամտություններ են կատարել։ Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի եւ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պողոսյանը նշեց՝ նախկինում դիմածնոտային շրջանի ռեկոնստրուկցիաների եւ դեֆեկտների վերականգնման համար մասնագետները փորձում էին իմպրովիզացիաներ անել, յուրաքանչյուր կլինիկական դեպքի համար հնարավորինս ճիշտ որոշում կայացնել։
Պատերազմից հետո վիրավորների թիվը շատացավ։ Ականի պայթյունի հետեւանքով բազմաթիվ զինվորներ էին տեղափոխվում բուժհաստատություններ, լինում էին վնասվածքներ, որոնք չէին հանդիպել արցախյան նախորդ պատերազմի ընթացքում։ Մասնագետները զինվորներին ընդունում էին այնպիսի վիճակում, որ անհրաժեշտ էր անհապաղ վիրահատել։
«Այնպիսի կոտրվածքներ էին, որ հարկավոր էր փազլի պես հավաքել։ Տանջվում էինք, տիտանե թիթեղով վերականգնում։ Վերականգնում էինք, ինչպես կարող էինք եւ ինչով կարող էինք՝ օգտագործելով այն, ինչ ունեինք մեր վիրահատական արսենալում։ Բարեբախտաբար մեր արսենալը փոքր չէր։ Իսկ «Հայբրիդ Թեքնոլոջիզ» լաբորատորիայի շնորհիվ ունեցանք այն, ինչի մասին երազում էինք 3-4 տարի առաջ։ Հիմա ունենք իմպլանտներ, որոնք տպվում են պացիենտի դիմածնոտային հատվածի առողջ կողմի նախատիպով եւ թույլ են տալիս հնարավորինս կարճ ժամանակում վիրահատական միջամտության շնորհիվ ստանալ ֆունկցիոնալ եւ էսթետիկ արդյունք»,- ասաց Աննա Պողոսյանը։
Պրոֆեսոր Պողոսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի լաբորատորիայում է՛լ ավելի սեղմ ժամկետում՝ 2-3 օրվա ընթացքում, տպել իմպլանտները։ Կան անհետաձգելի դեպքեր, եւ հնարավոր չէ 2-3 շաբաթ սպասել, նման դեպքերում այժմ արվում է երկրորդային վիրահատություն, իսկ եթե իմպլանտներն արագ տպվեն, հնարավոր կլինի արդեն առաջնային վիրահատությամբ դեֆեկտը վերականգնել։
«Հույս ունեմ, որ գուցե աշխարհում առաջինը կլինենք, առաջիկայում այնպիսի նյութեր կստեղծենք, որ մեր իմպլանտներն ապագայում ոսկրագոյացում կստեղծեն, կվերափոխվեն ոսկրային հյուսածքի, այսինքն՝ տիտանե մետաղին փոխարինող նորարարություն կստեղծենք»,- ասաց Աննա Պողոսյանը։
Դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լեւոն Խաչատրյանը ներկայացրեց էսթետիկ վիրաբուժության մեջ 3D մոդելավորման, անհատական թիթեղների կիրառման եւ իմպլանտացիոն ոչ ավանդական մոտեցումները։
Այսօր մեր երկրում գտնվող լաբորատորիայում հնարավոր է պատրաստել այնպիսի ձեւանմուշներ, որոնք հնարավորություն են տալիս տիտանե թիթեղներով վերականգնելու դիմածնոտային շրջանի անհամաչափությունը, դեֆեկտները, լնդային ժպիտը, կծվածքն ու ծամողական ֆունկցիան։
«Հիմա արդեն հնարավոր է կարճ ժամանակում կատարել վիրահատությունը, փափուկ հյուսվածքների վնասվածքը հասցնել նվազագույնի։ Եթե առաջ այսպիսի վերականգնողական վիրահատությունները կատարում էինք 4 ժամում, հիմա նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ 2,5 ժամում։ Ընդ որում՝ մեր բուժառուները շատ գոհ են արդյունքից, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է»,- նշեց դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լեւոն Խաչատրյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։