Կիրակի՝ Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել ավանդական «Քաղաքին եւ աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով:
Հռոմի պապն անդրադարձել է հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, ճգնաժամերին, սպառազինությունների մրցավազքին եւ համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։
«Վատիկանյան լուրեր»-ը նշել է, որ իր աղոթքում Հռոմի Պապը հիշատակել է նաեւ արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում գերեվարվածներին.
«Դեռեւս շատ պատերազմներ ու բազմաթիվ բռնություններ կան աշխարհում… Հակամարտությունների պատճառով գերեվարվածներին, հատկապես Արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում, թող որ Տերը թույլ տա ապահով վերադառնալ իրենց ընտանիքների գիրկը, եւ թող Տերը ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու զենքերի նոր մրցավազքը»:
Հռոմի պապը պատգամում հիշել է նաեւ, որ ապրիլի 4-ին նշվում է ականների դեմ պայքարի համաշխարհային օրը: «Ականներն արգելք են, որ մարդկությունը միասին քայլի կյանքի արահետների վրա՝ առանց վախենալու ոչնչացման եւ մահվան վտանգներից»:
Իր ուղերձում Հռոմի Պապն անդրադարձել է նաեւ համաճարակին եւ պատվաստումներին, Իրաքում, Լիբանանում, Մյանմայում եւ աշխարհի այլ թեժ կետերում առկա ճգնաժամերին եւ գաղթականության խնդրին: