Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցի՝ Ուկրաինայում 2022-ի փետրվարի 24-ից մինչեւ դեկտեմբերի 26-ը խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 6884 մարդ, վիրավորվել՝ 10 հազար 947 մարդ:
6884 զոհերից 429-ը երեխաներ են, 4052 մարդ զոհվել է միայն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում: Զեկույցում նշվում է նաեւ, որ Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 483 մարդ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների հիմնական պատճառ են դարձել ծանր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծությունները, հրթիռային հարվածները եւ ավիահարվածները:
Ընդ որում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում նշել են, որ զոհերի եւ վիրավորների իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է, քանի որ թեժ մարտերի պատճառով մի շարք վայրերից տեղեկություններ ստանալը բարդանում է: Սա մասնավորապես վերաբերում է Մարիուպոլին, Իզյումին, Լիսիչանսկին, Պոպասնայային, Սեւերոդոնեցկին, որտեղ, ենթադրաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը բավական մեծ է: