ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում Արցախի երեխաների վրա:
«Որքան երկար տեւի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի եւ տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են նրանց գոյատեւման, առողջ աճի եւ բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաեւ ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է նաեւ, որ չափազանց կարեւոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, եւ որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով եւ արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել եւ համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին:
Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատել է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գուտերեշը կողմերին հորդորել էր, ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, թուլացնել լարվածությունը եւ միջանցքով ազատ տեղաշարժ եւ անվտանգություն ապահովել։