Արցախի կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ընկերության հանքավայրի շահագործումը մինչեւ փորձաքննության ավարտը: Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին եւ միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության անցակացումը սեղմ ժամկետում կազմակերպելու համար։ Նման որոշում է ընդունվել` հաշվի առնելով հարեւան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը։
Արցախի կառավարությունը վստահեցնում է` մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը եւ համոզված է, որ միջազգային էկոլոգիական չափանիշները պետք է կիրառելի լինեն ամբողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար: Միաժամանակ վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որոնց համապատասխանեցված են նաեւ ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: