Ավստրիական Die Presse պարբերականը հրապարակել է «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջը. ինչպե՞ս է բռնապետ Ալիեւն օգտագործում Ռուսաստանի թուլությունը» խորագրով հոդվածը, որում հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ: «Իբր բնապահպանական մտահոգությունների պատրվակով, այն է՝ ԼՂ-ում ապօրինի հանքարդյունաբերությունը կանխելու նպատակով, ադրբեջանցիները գրավել են ճանապարհը»,- նշվում է հոդվածում։
Die Presse-ը նաեւ նշում է, որ ռուս խաղաղապահները, որոնք պետք է հետեւեն հրադադարի պահպանմանը եւ հսկեն միջանցքը, ոչինչ չեն անում: Պարբերականը կանխատեսում է, որ այս իրավիճակը կարող է է՛լ ավելի սրվել՝ վտանգի տակ դնելով դիվանագիտական ճանապարհով խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը, եւ կարող է հանգեցնել հումանիտար առումով արտակարգ իրավիճակի մեկուսացված տարածքում:
Խորհրդային տարիներից մինչեւ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պարբերականն անդրադառնում է Բաքվի նպատակներին: Ըստ Die Presse-ի՝ Բաքուն շրջափակմամբ ձգտում է մեծացնելու ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի եւ հայկական կողմի վրա։
«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը հավանաբար փորձում է օգտագործել այս եւ նման սադրանքները՝ բարելավելու իր դիրքերը խաղաղության երերուն բանակցություններում։ Ալիեւը որոշ ժամանակ է՝ շահարկում է խաղաղության միջնորդ Ռուսաստանի թուլությունը: Զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով՝ Մոսկվան ավելի քիչ ուշադրություն եւ ռեսուրսներ ունի այլ թեժ կետերի համար»,- նշում է Die Presse-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ։
Բաքվի կողմից ուղարկված ակտիվիստներն էլ պահանջում են ստուգել Լաչինի միջանցքով անցնող բոլոր մեքենաները․ «Այդ կերպ Ադրբեջանը կարող է ստեղծել իր սեփական անցակետերը եւ այդպիսով ավելի ընդլայնել իր մուտքը դեպի տարածք»։ Պարբերականը նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս նույնպես ասել է, որ Բաքուն պահանջում է մուտք գործել Ղարաբաղի հանքեր եւ միայն այդ դեպքում կդադարեցնի շրջափակումը: