Թեեւ ապատեղեկատվության կարելի է հանդիպել ամեն օր, սակայն դրա տարածման համար եւս կա առավել բարենպաստ ժամանակահատված։ Ճգնաժամային իրավիճակները հենց այդ լավագույն ժամանակահատվածն են։ Մի քանի պատճառներ կան, որոնք հատկապես նպաստում են նման պայմաններում ապատեղեկատվության տարածմանը։
Ցանկացած նոր բան, որը բացասաբար է ազդում մարդկանց վրա, առաջացնում է ցնցում, հաճախ խուճապ, վախ, իսկ սրանք գիտակցությունը մթագնելու հատկություն ունեն։ Նման իրավիճակներում մարդու դիմադրողականությունն ընկնում է ինչպես ցանկացած բանի, այնպես էլ ապատեղեկատվության նկատմամբ։ Այն ֆիլտրերը, որոնք սովորաբար մարդիկ կիրառում են նոր տեղեկություն ընկալելիս, արտակարգ իրավիճակներում երբեմն պարզապես բթանում են։
Վերջին շրջանում ապատեղեկատվության համար կորոնավիրուսից ավելի պարարտ միջավայր պատկերացնել ուղղակի հնարավոր չէ։ Հատկապես սկզբնական շրջանում, երբ վիրուսի մասին շատ բան հայտնի չէր, եւ տարածվում էր ցանկացած տեսակի ապատեղեկատվություն, շատ դժվար էր դրանց դեմ պայքարելը, քանի որ դեռեւս չկային վիրուսի մասին գիտականորեն ապացուցված բավարար փաստեր։
Ապատեղեկատվության տարածումը խթանող կարեւոր գործոններից է հենց տեղեկության բացակայությունը։ Երբ չկա հավաստի, արժանահավատ տեղեկատվություն, այդ բացը կարող է լցվել ինչով ասես։ Մարդկանց համար այսօր ինֆորմացիան ոչ պակաս կարեւոր է, քան սնունդը, եւ եթե չկա որակյալ սնունդ, քաղցը պետք է հագեցնել նրանով, ինչ կա։ Հենց սա է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է կարեւոր, որ արտակարգ իրավիճակներում պաշտոնական աղբյուրները չխուսափեն պարբերաբար տեղեկություններ տրամադրելուց եւ հանրությանը մշտապես իրազեկված պահելուց։
Քովիդ-19-ի մասին շրջանառվող դեզինֆորմացիան չի շրջանցել եւ ոչ մի երկիր, ու մարդկության կրած ծանրագույն կորուստների մի մասն էլ հենց այդ ապատեղեկատվության հետեւանքն է։ Այն, որ դիմակներ կրելը չի նվազեցնում վարակման ռիսկը, վիրուսը երիտասարդներին չի սպառնում, կոճապղպեղը բուժում է կորոնավիրուսը, մարդկանց դրդեցին վարակի դեմ սխալ պայքարի, որի հետեւանքները, ցավոք, ծանր էին։
Կորոնավիրուսի պանդեմիային զուգահեռ աշխարհում ձեւավորվեց մի նոր տերմին՝ ինֆոդեմիա, որը շատ մասնագետների կարծիքով վիրուսից պակաս վտանգավոր չէ։ Ապատեղեկատվության բացասական ազդեցությունը մի քանի անգամ մեծանում է, երբ այն վերաբերում է հատկապես հանրության առողջությանը։
Դեզինֆորմացիայի այս տարափից անմասն չէին նաեւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ Հայաստանում վիրուսի տարածման հատկապես ակտիվ շրջանում որոշ բժիշկներ իրենք էին տարածում կեղծ տեղեկատվություն, որը շատ ավելի վնասակար էր, քանի որ նրանք իրենց ասածները հիմնավորում էին փորձով ու գիտելիքով, ինչը մարդկանց վստահություն էր ներշնչում։
Այդ օրերին պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկույթը եւս ոչ միշտ էր հավաստի։ Առողջապահության այն ժամանակվա նախարարի պնդումը, որ դիմակ կրելը չի պաշտպանում վարակից, դժվար է որակել որպես դեզինֆորմացիա կամ միսինֆորմացիա, քանի որ չենք կարող ասել՝ այն դիտավորյա՞լ քայլ էր, թե՞ ոչ։ Հետագայում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատեց, որ դիմակների օգտագործումը վարակի տարածման դեմ պայքարի կարեւոր միջոցներից է։
Նախորդ հոդվածներում արդեն անդրադարձել ենք, որ երգիծական, հումորային շեշտադրումով գրված լուրերը չեն համարվում ապատեղեկատվություն, բայց արի ու տես, որ դրանք մեկ կայքից մյուսը տեղափոխվելիս կամ թարգմանվելիս կորցնում են իրենց հիմնական առանձնահատկությունը՝ հումորը՝ վերածվելով իսկական ապատեղեկատվության։
Օրինակ` դեռեւս նախորդ տարի pastark.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Pfizer ընկերությունը իր պատվաստանյութում ներդնում է Microsoft-ի Pluton չիպը՝ այս խոսքերը վերագրելով ընկերության գլխավոր տնօրեն Սատյա Նադելլային։ Որպես տեղեկատվության սկզբնաղբյուր նշել էր valuewalk.com կայքը։ Այս կայքն էլ իր հերթին հղում էր տվել The Stonk Market.com-ին, որը թեեւ առաջին հայացքից նման է լրատվական կայքի, բայց ներքեւի հատվածում կարելի է տեսնել, որ այն պարզապես երգիծական կայք է, հետեւաբար այստեղ հրապարակված հոդվածները հումոր են, եւ չարժե առանձնապես լուրջ ընդունել։ Իսկ թե քանի մարդ է կարդացել ու հավատացել հայկական մամուլում արտատպած այս հոդվածին, դժվար է ասել։
Հենց այս ժամանակ է պետք գիտակցել, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ մարդուն ավելի խոցելի է դարձում թե՛ պանդեմիայի, թե՛ ինֆոդեմիայի նկատմամբ, մինչդեռ իրազեկվածությունն ու քննադատական մոտեցումները վստահաբար կարող են որոշակի իմունիտետ ձեւավորել։
Ռիմա Գրիգորյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացնում է DCN (Digital Communication Network)-ը եւ CRI (Civic Resillence Initiative)-ը Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: