ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զարգացնելու ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն այլ պետությունների հետ։
«Միեւնույն ժամանակ մենք կանոնավոր կերպով գործընկերներին հասկացնում ենք այն թեզը, որ այդ փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ եւ չպետք է խախտի ուժերի ստեղծված հավասրակշռությունն Անդրկովկասում»,-ասել է Զախարովան։ Դիվանագետը շեշտել է, որ դա հավասարապես վերաբերում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, թե նպատակ է դրված մինչեւ 2025-ը ադրբեջանական բանակի մակարդակը հասցնել Թուրքիայի ԶՈՒ-ի մակարդակին։ Ըստ նրա` Ադրբեջանի ԶՈՒ-ն մինչ այդ պետք է համապատասխանի թուրքական բանակի բոլոր պահանջներին եւ չափորոշիչներին։ Աքարն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ-ն միասնական օրգանիզմ են դառնում եւ երկու պետությունների առաջ կանգնած ընդհանուր խնդիրներ են կատարելու։