Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Միութենական պետությանը» ՀՀ-ին անդամակցելու վերաբերյալ հնարավոր ճնշումներին: Ըստ դիվանագետի՝ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. որեւէ մեկը չի կարող նման փաստեր ներկայացնել:
Զախարովան նշել է, որ կեղծ է նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարցում Երեւանի նկատմամբ ճնշումների առկայության մասին թեզը: Նա հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր միջոցների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ:
«Դրանց թվում են Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթեւեկության վերականգնման վերաբերյալ հարցերը։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ խոնակը: