BBC-ն հայտնել է, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն։ 82-ամյա Պելեի մահվան մասին երեկ հայտնել է նրա դուստրը՝ Քելլի Քրիստինա Նասիմենտուն։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ Ախտորոշվել էին մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաեւ գիտակցության մթագնում։ Ֆուտբոլիստին հոսպիտալացրել էին 2021-ի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար: 2022-ին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ եւ թոքեր) եւ միզուղիների վարակի բուժման համար։
Բրազիլիայի կառավարությունը լեգենդար ֆուտբոլիստ Պելեի՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարել։
Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։ Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 եւ 1970 թվականներին։ 2000-ին ՖԻՖԱ-ն Պելեին ճանաչել է դարի լավագույն ֆուտբոլիստ։