ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում եւ սադրանք անընդունելի են եւ դիտարկվում են որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Ըստ Զախարովայի` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ: «Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Բաքվին եւ Երեւանին կոչ է անում խստորեն պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: «Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք՝ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ»,- շեշտել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը եւ երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների եւ խորհրդարանականների միջեւ շփումների հաստատմանը: