Ըստ ամերիկյան New York Times-ի՝ ԱՄՆ Բալթիմոր քաղաքում դադարեցվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի արտադրությունը:
Ապրիլի 1-ին Emergent BioSolution կենսատեխնոլոգիական ընկերությունում պատահաբար խառնել էին AstraZeneca-ի եւ Johnson & Johnson-ի բաղադրիչները: Սխալի հետեւանքով շարքից դուրս է եկել Johnson & Johnson-ի պատվաստանյութի ավելի քան 15 միլիոն չափաքանակ:
Ընկերության վրա թանկ նստած սխալից հետո որոշվել է թողարկել միայն Johnson & Johnson-ի պատվաստանյութ: AstraZeneca ընկերություն հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների հետ այժմ քննարկվում է պատվաստանյութի այլընտանքային տարբերակի արտադրման հնարավորությունը:
Մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ դադարեցրել էին AstraZeneca-ով պատվաստվածների օրգանիզմում հազվագյուտ ռեակցիայի՝ թրոմբոզի ու թրոմբոէմբոլիզմի առաջացման պատճառով։
Միջադեպերի հետաքննությամբ զբաղվում է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА):
Ավելի վաղ Բալթիմորի ամերիկյան Johnson & Johnson ընկերության ներկայացուցիչ Ջեյք Սարջենթը հայտարարել էր, որ գործարանի աշխատակիցները մի քանի շաբաթ առաջ կորոնավիրուսի պատվաստանյութի բաղադրամասերը խառնելիս սխալ են թույլ տվել եւ փչացրել դեղամիջոցի մոտ 15 միլիոն չափաքանակ:
«Emergent BioSolutions ձեռնարկությունում որակի վերահսկման գործընթացի ժամանակ բացահայտվել է, որ դեղորայքային մեկ հիմք չի համապատասխանել չափանիշներին: Շարքից դուրս եկած խմբաքանակը որակի փորձարկման չի ենթարկվել»,- ընդգծել է Սարջենթը: