Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը եւ տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ցեղասպանությանը:
Զեկույցում տեղ են գտել նաեւ Հայաստանը եւ Արցախը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022-ին Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ են դրել: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաեւ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները եւ միեւնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն»,- գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները։ Նրանք հավելել են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, ձգտելով Հայաստանից ստանալու «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ եւ ցեղասպանությամբ: Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաեւ Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն եւ այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի վարչակարգերին:
«Freedom House-ը Ադրբեջանին ճանաչել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաեւ անդրազգային բռնաճնշումներ»,- եզրափակել են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փորձագետները: