ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին։ Նա նշել է, որ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնավարությունն ի սկզբանե նախատեսված է եղել կարճ ժամկետով՝ մինչեւ 2022-ի ավարտը: Փրայսը շեշտել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագա խթանելու ԱՄՆ-ի հանձնառությունը:
Խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների՝ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ։ Փրայսն ընդգծել է, թե ԱՄՆ-ը որքան է կարեւորում կայուն խաղաղություն հաստատելու բանակցությունների հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը։
Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման ջանքերում․ Փրայս
Նեդ Փրայսը նաեւ նշել է, որ տարածաշրջանից դեսպան Ռիքերի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կշարունակի ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին: «Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներդրումը՝ հանդիպումներ կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների միջեւ, պարբերաբար խոսելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ,- հայտնել է Նեդ Փրայսը:- Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման ջանքերում: Մենք կշարունակենք դրանց հավատարիմ մնալ ապագայում»,- նշել է Փրայսը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգների մոտեցումն է օգնել կողմերին միմյանց հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը կառուցողական կերպով եւ կայուն, երկարատեւ լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու: