Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի, Facebook-ի եւ Twitter-ի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: Թանկյանը հրապարակել է օրեր առաջ TYT հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին: Թանկյանը նշում է, որ մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը եւ ԱՄՆ իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա:
Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին եւ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնելու Արցախի ժողովրդին:
Սոցիալական ցանցերի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածելու Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք Ադրբեջանի բռնապետի ձեռնարկած անօրինական շրջափակման պատճառով զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից եւ պարենից եւ հայտնվել են հումանիտար աղետի շեմին:
«Ալիեւը եւ Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը եւ այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք եւ համախմբվե՛ք հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիեւի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ»,- նշված է գրառման մեջ: