Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ բազմակի դեպքեր է բացահայտել, երբ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են Արցախի շրջափակման հետեւանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքել։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ օգտագործելով Արցախի քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են տեղեկություններ հավաքել Արցախում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ։
«Խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ: Արցախի ԱԱԾ-ն հորդորում է նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի՝ 047-94-41-26 եւ 41-26 հեռախոսահամարներին։