Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը կասկածի տակ է դրել Լաչինի շրջափակման բնապահպանական պատճառները։ «Ահա հերթական ադրբեջանցի չակերտավոր էկոակտիվիստը, որը փակել է Լաչինի միջանցքը»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է նա՝ կից ներկայացնելով Լաչինի միջանցքի ցույցերի ֆոնին ադրբեջանցի երիտասարդի լուսանկար: Մեկ այլ լուսանկարում նույն երիտասարդն արդեն զինվորական համազգեստով է:
Լինդսի Սնելի տեղեկություններով՝ ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտարարել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է աչք փակել վերջիններիս բացակայությունների վրա եւ բավարար գնահատականներ նշանակել, եթե երիտասարդները միանան Լաչինի միջանցքի ցույցերին։ Իրավապաշտպանը հավելել է, որ նման իրավիճակ է ադրբեջանական մի շարք այլ համալսարաններում:
Արցախի բնակիչները՝ Ադրբեջանի կառավարության խայտառակ շրջափակման զոհ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի եւ այլ երկրների բոլոր հայերին: «Այս օրը իմ մտքերը Արցախի բնակիչների հետ են, որոնք Ադրբեջանի կառավարության խայտառակ շրջափակման զոհ են դարձել։ Մենք պետք է գործենք որքան հնարավոր է արագ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է ֆրանսիացի պատգամավորը: