Երուսաղեմում այսօրվանից վերսկսվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ կոռուպցիայի գործով դատավարությունը: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ մեղադրական եւ պաշտպանական կողմերն ավելի քան 300 վկա ունեն։
Վարչապետին վերագրվել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մեքենայություններ կատարելու եւ հանրության վստահությունը խախտելու մեղադրանքներ:
Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները եւ դատական գործը «վհուկաորս» անվանում: Նրա պնդմամբ՝ քաղաքական ընդդիմախոսները փորձում են վարկաբեկել իրեն:
Դատական նիստը վերսկսվել է վարչապետի համար բարդ ժամանակաշրջանում: Վերջերս տեղի ունեցած արդեն չորրորդ արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը չի ստացել միակուսակցական կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քվեներ, եւ նրա վարչապետությունը կասկածի տակ է հայտնվել:
Նիստի ընթացքում Երուսաղեմի դատարանի շենքի մոտ Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ցույց է կազմակերպվել: