Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 2023-ի հունվարի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ անասնապահությամբ զբաղվող Թորոս Ղազարյանը արոտավայրից տուն չի վերադարձել։ Դեպքի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ: Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ` վերջինս կարող էր մոլորվելու հետեւանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով դրա մասին հաղորդվել էր նաեւ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը: Հունվարի 1-ից մինչեւ հունվարի 8-ը ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլեւ հերքել էր Թորոս Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը:
«Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ. Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը եւ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ եւ տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ»,-ասված է հայտարարության մեջ:
Արցախի ԱԱԾ-ից հայտնել են նաեւ, որ արցախյան կողմին փոխանցված Թորոս Ղազարյանն արդեն հետազոտվել է, բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են բավարար: Արցախի իրավապահ մարմինների նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ քաղաքացի Թորոս Ղազարյանի հայտնվելու դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ից հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Արցախի բնակիչն իբրեւ հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։