Ըստ իրանական «Mehr» գործակալության՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կհանդիպի Թուրքիայի եւ Ադրբեջանի գործընկերների հետ։ Ղալիբաֆը մեկնել է Թուրքիա։ Նա Անթալիայում մասնակցելու է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստին։ Հանդիպմանը մասնակցելու են յոթ երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Արեւելյան Թիմորի, Թուրքմենստանի եւ Եմենի խորհրդարանների նախագահները։
«Այս ուղեւորությունը լավ հնարավորություն է բոլոր ասիական երկրների համար, հատկապես այսօրվա երերուն աշխարհում»,- մեկնելուց առաջ ասել է Իրանի ԱԺ ղեկավարը։ Ըստ նրա` բացի Թուրքիայում անցկացվելիք հիմնական բազմակողմ հանդիպումից, շատ հնարավորություններ կլինեն երկկողմ բանակցությունների համար։
Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ տարածաշրջանի կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից։ Ըստ Ղալիբաֆի` որքան շատ օտարերկրյա պետություններ միջամտեն տարածաշրջանային խնդիրներին, այնքան մեծ է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման եւ սրման հավանականությունը։ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմաններին առնչվող աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։